ԱՀ նախագահի մոտ քննարկվել են առողջապահական մի շարք հիմնարկների շենքային նոր պայմանների հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահական որոշ հիմնարկների շենքային բարեկարգ պայմանների ապահովմանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկման առաջին թեման վերաբերել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շահագործմանը և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին: Զեկուցմամբ նախ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով կատարվելիք շինաշխատանքների ամբողջ ծավալն ու դրանց ավարտի հնարավոր ժամկետները: Նախագահը հանձնարարել է սեղմ ժամկետներում սկսել այդ աշխատանքները՝ միաժամանակ առողջապահության նախարարին տալով ցուցում զուգահեռ զբաղվել սարքավորումների ձեռքբերման հարցերով:

Խորհրդակցության հաջորդ քննարկված հարցը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին է վերաբերել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ եթե նախապատերազմյան շրջանում նոր ու ժամանակակից վերականգնողական կենտրոն կառուցելու վերաբերյալ տրված խոստումը ելնում էր առկա պայմանների բարելավման կարիքից, ապա այսօր այն դարձել է ժամանակի հրամայական: Քննարկվել են տեղի ընտրության և նախագծային աշխատանքների արագ իրականացման հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտամարմնային բեղմնավորման ծրագրի ընթացքի, ինչպես նաև առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով