armenpress.am: Արցախի Ազգային ժողովում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, օրինագծի համահեղինակ Գագիկ Բաղունցը:
«Միանշանակ պնդում եմ, որ օրինագիծը նախատեսում է պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին և ոչ թե պետական, որի մասին շրջանառվում է որոշ լրատվամիջոցներում: Ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու օրինագծի նախաձեռնությունը հատկապես պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, ինչն անհրաժեշտություն է դարձնում խաղաղապահների և Ռուսաստանի հետ հաղորդակցային խնդիրներին իրավական լուծում տալը: «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն այժմ խորհրդարանական քննարկումների փուլում է: Այնուհետև նախատեսվում է նաև դնել հանրային քննարկման և չի բացառվում, որ առաջարկությունների հիման վրա որոշակի փոփոխությունների կենթարկվի: Արցախում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առավել մանրամասն կարող ենք խոսել միայն հանրային քննարկումներից հետո»,- պարզաբանեց Գագիկ Բաղունցը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կայքում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է տեղադրվել, ըստ որի՝ պաշտոնական լեզվի կարգավիճակ կարող են ունենալ գրական հայերենն ու ռուսերենը: