tert.am: Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 8:20-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 193 կմ հյուսիս, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի արդյունքում մի քանի մարդ է տուժել:Մի քանի շենքեր են վնասվել, գրեթե երկու հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:
«Որոշ տներ տեղաշարժվել են, հիմքերում ճաքեր են առաջացել, պատերի փլուզման դեպքեր են գրանցվել: Մի հոգի թեթև վիրավոր է, հրշեջները օգնություն են ցուցաբերում նրան»,- ասված է Սան Բերնարդինո շրջանի հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:
Լոս Անջելեսի օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները աշխատանքային գրաֆիկում խափանում չեն առաջացրել: