cf6e454532b41e065b05b46d7591ad08.jpg

Վարչապետի՝ ֆեյքերի դեմ պայքարելու հարցով ԱԱԾ-ին տված հանձնարարությունը գրեթե անիրականանալի է. Աշոտ Մելիքյան |aysor.am|

aysor.am: ՀՀ վարչապետի՝ ֆեյքերի դեմ պայքարելու հարցով ԱԱԾ-ին տված հանձնարարականը գրեթե անիրականանալի է, որովհետև օրենքը ֆեյքերի դեմ պայքարի որևէ կարգավորում չի նախատեսում, բացի այդ, միջազգային պրակտիկայում էլ առայժմ որևէ հաջողություն չի արձանագրվել, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա այն հայտարարությանը, որ վարչապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել ֆեյքերի խնդրին։

«Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել, որ իրավիճակը բավականին լուրջ է, ավելին՝ կարելի է ասել՝ տագնապային։ Իշխանություններն ինչ-որ քայլեր կարող են ձեռնարկել, բայց միայն այն դեպքում, եթե խոսքը գնում է ազգային կամ ռասսակայան խտրականություն, պատերազմ քարոզելու կամ անկարգություններ հրահրելու մասին։ Այս առումով, այո, օրենսդրությունը կարգավորումներ և քրեական պատասխանատվություն ենթադրում է։ Եթե մանիպուլյացիաներն այլ տիպի գործողությունների վերաբերեն, ապա կարգավորում կա, և ԱԱԾ-ին դրա համար որևէ ցուցում պետք չէր տալ», – նկատեց մեր զրուցակիցը։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ չի կարելի ուժային կառույցների հայեցողությանը թողնել, թե որ մանիպուլյացիան է քրեորեն պատժելի, որը՝ ոչ, քանի որ այստեղ սուբյեկտիվիզմի շատ լայն հնարավորություններ կան։

«Մի խոսքով, կարծում եմ, որ այդ մոտեցումը ամենևին էլ արդարացված չէ։ Ուժային կառույցներին չի կարելի խառնել այս գործընթացների մեջ։ Համոզված եմ, որ խոսքին առհասարակ պետք է ոչ թե ռեպրեսիվ մեթոդներով դիմակայել, այլ խոսքին՝ խոսքով, հերքումների, ճշտումների և պատասխանների միջոցով։ Կարծում եմ, որ իշխանությունը բավականաչափ հնարավորություն ունի, որպեսզի խելացի ինֆորմացիոն քաղաքականություն վարի։

Եթե որևէ մանիպուլյատիվ նյութեր կան, որոնք խեղաթյուրում են պետական քաղաքականությունը կամ պետության քայլերը, ապա համապատասխան պարզաբանումներով պետք է հանրությանը ճշգրտված տեղեկատվություն տրամադրվի։ Սա ավելի շատ պահանջում է ադմինիստրատիվ և գաղափարական աշխատանք։ Դա է քաղաքակիրթ ճանապարհը։ Ես չեմ կարծում, որ այս գործընթացում պետք է խառնվեն ուժային կառույցները», – ամփոփեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ ասել էր.

«Եթե գրառումների մեջ՝ լինի ֆեյք, թե սովորականա անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ կանխելու և բացահայտելու համար այդ երևույթը», – ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն