Դեպքերի արագ տեմպով ավելացման պարագայում մասնագետը չի բացառում նոր սահմանափակումների կիրառումը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում, եթե բնակչությունը, տնտեսավարողները պահպանեն անվտանգության կանոնները, նոր սահմանափակումներ մտցնելու կարիք չի լինի. հակառակ դեպքում՝ արագ տեմպով ավելացման պարագայում դրանց կիրառումը չի բացառվում:

Ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ նոր սահմանափակումներ կլինեն, թե ոչ՝ կախված է քաղաքացիներից: «Եթե մենք՝ բնակչությունը, տնտեսավարողները պահպանենք անվտանգության կանոնները, որևէ սահմանափակումների գնալու կարիք չի լինի: Եթե իրադարձությունները շարունակվեն այնպես, ինչպես երեկ, որ մեկ օրում 700-ից ավելի դեպք արձանագրվի, բնականաբար, չի բացառվում, որ կարող ենք դիմել արդեն այլ սահմանափակող միջոցառումների: Սակայն, եթե պահպանենք անվտանգության կանոնները, յուրաքանչյուրս լինի պատասխանատու, գուցե մենք կարողանանք կանգնեցնել վարակի տարածումը»,- ասաց Աբովյանը:

Մասնագետը նկատել է, որ հունվարի 15-ից հետո անվտանգության կանոնները չեն պահպանվում, մարդիկ դիմակներ չեն կրում, փակ տարածքներում սոցիալական հեռավորությունը չի պահպանվում:

Անդրադառնալով դպրոցներին՝ Աբովյանն ասաց, որ, ելնելով համաճարակային իրավիճակից, շարունակաբար քննարկումներ են իրականացվում: Սահմանափակող միջոցառումները մեղմելու ուղղությամբ շարունակաբար աշխատանքներ են տարվում: Շուրջ 2 շաբաթ առաջ սանիտարական կանոններում իրականացված փոփոխություններով թույլատրվել է դպրոցներում 20-ից ավելի սաների ուսուցումը 1 դասարանում՝ անվտանգության կանոնների խիստ պահպանման պայմաններում: «Նման սահմանափակման միջոցառումների մեղմացումներ իրականացվել են, սակայն չի բացառվում, որ կարող է նաև այդ  միջոցառումները խստացվեն, եթե մեր դեպքերը սկսեն այսպես արագ տեմպերով աճել»,- ասաց Աբովյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև