armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը:Այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Բորիս Ավագյանի այն տեսակետը, ըստ որի չպայթած ռազմամթերքի չեզոքացմամբ զբաղվող ՀԱԼՈ Թրաստ բրիտանական բարեգործական կազմակերպությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը:
«Բորիս Ավագյանն այդպիսի լիազորություն չունի: Նշեմ նաև, որ անձնական տեսակետն արտահայտելու հարցում Ավագյանը կաշկանդված չէ: ՀԱԼՈ Թրաստ կազմակերպությունը երկար տարիներ աշխատել է Արցախում և առայսօր շարունակում է իր գործունեությունը»,-ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Ավելի վաղ ՀԱԼՈ Թրաստը հերքել էր լուրերը, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել: