Արցախում արդյունաբերական արտադրությունը կտրուկ նվազել է հանքարդյունաբերության կրճատման հետևանքով |armenpress.am|

armenpress.am: Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանն անդրադարձել է պատերազմի հետևանքով տնտեսության ու արտադրական ենթակառուցվածքների կրած վնասներին և վերականգնման միջոցառումներին:

Որ փուլում է գտնվում  պատերազմի հետևանքով վնասված արտադրական ենթակառուցվածքների ու արտադրամասերի վերականգնման գործընթացը:

Արցախի կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերից ձեռնամուխ է եղել պատերազմական գործողությունների հետևանքով վնասված արտադրական նշանակության շենք շինությունների գույքագրման աշխատանքների իրականացմանը: Մասնավորապես, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է վնասների գույքագրմամբ և գնահատմամբ: Այդ աշխատանքների ավարտից հետո կառավարությունն արդեն կսահմանի աջակցության կամ փոխհատուցման համապատասխան կարգ:

Նախնական տվյալներով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում որքանով են կրճատվել արտադրության ծավալներն ու ինչի հետևանքով:

– Պատերազմից հետո, 2021թ. հունվար ամսում Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ կրկնակի նվազել է: Արցախի Հանրապետության արդյունաբերական արտադրության ծավալը անցած տարի կրճատվել է 36,5 տոկոսով, այդ թվում՝ միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ 60 տոկոսով: Այնուհետև՝ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 71,7 տոկոսով: Մասնավորապես հանքարդյունաբերության ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 20 տոկոսով, այդ թվում՝ միայն անցած տարվա դեկտեմբերին՝ 96 տոկոսով,իսկ մշակող արդյունաբերության ծավալը կրճատվել է 63 տոկոսով: Տարվա ընթացքում համեմատաբար ոչ էական է եղել սննդամթերքի արտադրության կրճատումը ` 3 տոկոս /դեկտեմբերի` 20 տոկոս կրճատման հաշվին/:Արդյունաբերական արտադրության ծավալի կտրուկ նվազումը գրանցվել է արդյունաբերության բոլոր ճյուղերում: Այդուհանդերձ, կարելի է ասել, որ նշված ցուցանիշն առավել մեծ չափով պայմանավորվել է նրանով, որ հանքարդյունաբերության ոլորտում 2021 թվականի հունվար ամսում աշխատանքներ գրեթե չեն իրականացվել (նվազումը՝ 99.9տոկոս):Նույն ժամանակահատվածում մշակող արդյունաբերության 36 տոկոսով անկումը մեծամասամբ պայմանավորվել է սննդամթերքի և հագուստի արտադրության  կրճատմամբ: Միաժամանակ հատկանշական է՝ տվյալ ժամանակաշրջանում մշակող արդյունաբերության որոշ արտադրությունների աճը. Օրինակ՝ խմիչքների, սղոցանյութի, դռների և պատուհանների:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսում կազմել է ընդամենը 20 մլն կՎտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ շուրջ 100 մլն կՎտ-ի փոխարեն:Այս տարվա հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունն Արցախում կազմել է 7,3 մլն կՎտ: Շինարարական աշխատանքների ծավալը 2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրճատվել է 56 տոկոսով, իսկ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 53 տոկոսով:

– Հնարավո՞ր է, որ իրենց գործունեությունը վերականգնեն արցախյան այն հայտնի ապրանքանիշները, որոնց արտադրամասերը մնացել են ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում:  Այդ ուղղությամբ աշխատանքներ առկա են:

– Կառավարությունը հակված է տեղական արտադրողների գործունեության վերսկսման համար ստեղծել բարենպաստ պայմաններ:Խոսքը վերաբերում է ոչ միայն հայտնի ապրանքանիշներին:Հնարավորության դեպքում, թերևս, բոլոր արտադրողներն էլ ցանկություն կունենան վերագործարկելու իրենց արտադրությունը:Այս ուղղությամբ պետական հստակ ծրագրեր դեռևս մշակված չեն:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն