73 գերիներից բացի, ևս 150 անձի ճակատագիր անհայտ է․ Սիրանուշ Սահակյան |tert.am|

tert.am: Դրանով ի ցույց են դնում, որ նշված անձիք հանցագործներ են և չեն վերադարձվելու, քանի որ արդեն իսկ դատական գործընթացը պաշտոնականացվել է և դրա համար վկայակոչում են կարգավիճակի փոփոխությունը։ Այս մասին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որ Ադրբեջանը ռազմագեր չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ-ում ձերբակալված հայ զինվորականներին:

Փաստաբանը նշեց, որ հաստատված 73 գերիների առնչությամբ եվրոպական դատարանում ընթանում են իրավական գործընթացներ, և կարգավիճակի վերջնական գնահատումը տալու է եվրոպական դատարանը, բայց այս պահին էլ հումանիտար իրավունքի խնդիրներով զբաղվող կառույցները, միջազգային այլ գործընկերներ ունեն միասնական ընկալում, որ գործ ունենք ռազմագերիների հետ, իսկ մնացած խոչընդոտները պայմանավորված են քաղաքական գործոններով։

«Կարծում եմ, որ միջազգային գործընկերների, գերտերությունների հետ աշխատելով կարելի է բանեցնել անհրաժեշտ իրավական և քաղաքական ճնշում, որպեսզի բոլոր գերիները հայրենադարձվեն»,–ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, ունենք 65 հայրենադարձված գերի, որոնց գերեվարումը կապված է եղել 2020 թվականի պատերազմի հետ, այս պահին ունենք 73  հաստատված գերեվարված անձ, որոնք պաշտոնապես ընդունվում են Ադրբեջանի իշխանության կողմից և գտնվում են Ադրբեջանում։

«Միևնույն ժամանակ շուրջ 150 գերեվարվածի առնչությամբ գործընթացներ են տեղի ունենում, կան ապացույցներ, որոնք խոսում են գերեվարման օգտին, պարզապես Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում։ 73-ից բացի, մոտ 150 անձի ճակատագիր դեռևս անհայտ է, և նրանք ևս գերեվարված են։ Մեր ունեցած տեղեկություններով՝ կան նաև կանայք, այսինքն՝ ակնհայտ է, որ ունենք գերեվարված կին և բռնի տեղահանվածներ, որոնք հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, բայց ճակատագրի տեսանկյունից չենք կարող ասել՝ առնվազն քաղաքացիական բնակիչների մասով սպանվե՞լ են և ուղղակի այս պահին դիակները չեն հայտնվում, թե՞ գերեվարված են»,– ասաց նա և նշեց, որ մի շարք կանանց ճակատագիր դեռևս մնում է անհայտ։

Կարդալ ավելին՝ tert.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն