tert.am: Վարչական դատարանը, հայցի ապահովման որոշումը կայացնելիս, վերջնական դիրքորոշում չի արտահայտում, այլ ցանկացած հայցի ապահովում, որն ընդունվում է, նպատակ է հետապնդում ձեռնարկել հայցի ապահովման միջոցներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Օնիկ Գասպարյանի պաշտոնականություն հետ կապված Վարչական դատարանի կայացրած ակտին, ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Որքանով հասցրել եմ ծանոթանալ որոշ փաստաթղթերի, խոսքը գնում է նրա մասին, որ բավարարվել է հայցի ապահովման միջոցը եւ դատարանի կողմից ճանաչվել է իրավաառավելության բացակայությունը։ Հարկ է նշել, որ ունենք Սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավորումներ, սահմանադրական նորմի գործողություն, որի կապակցությամբ որեւէ շրջադարձ սահմանադիրը չի նախատեսել։ Գիտեք, որ վարչապետի կողմից սահմանադրական նորմի հիման վրա ներկայացվել է ԳՇ պետին պաշտոնից ազատման առաջարկություն, այդ առաջարկին կցվել է նախագահի հրամանագրի նախագիծը ինչպես պահանջում է Սահմանադրությունը եւ ՀՀ օրենսդրությունը»,–ասաց նա:
Անդրադառնալով Վարչական դատարանի ակտի կիրառելիությանը, Բադասյանը նշեց. «Սահմանադրական նորմը որեւէ շրջադարձի հնարավորություն թույլ չի տալիս, այդ ակտը իրավունքի ուժով ուժի մեջ է մտնում: Այս կոնտեքստում պետք է արձանագրել, որ ԳՇ պետը ազատված է պաշտոնից: Վարչական դատարանի որոշումը որեւէ հարկադիր կատարում չի ենթադրում»:
Ռուստամ Բադասյանը անդրադարձավ նաև պատասխանող կողմի գործողություններին. «Հայցի ապահովման դեպքում գործում է այն ռեժիմը, որ դատական կողմը կարող է դիմել հայցի ապահովումը փոփոխելու կամ վերացնելու պահանջով, որը քննվում է 10-օրյա ժամկետում: Ե՛ւ կառավարությունը ե՛ւ նախագահը կարող են օգտվել դատավարական այդ իրավունքից»։