ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարություն է տարածել՝ կապված irakanum.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ Հայտարարությունը՝ ստորև․
«Սիրելի’ հայրենակիցներ,
Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։
Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։
Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։ Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»։
Նշենք, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա: Վերջինիս վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։