Արցախի ԶՈւ-ն քանակական և որակական առումներով պահպանվելու է․ Վիտալի Բալասանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անդրադարձել է այն տեղեկությանը, թե Հայաստանն Արցախից հանում է իր ռազմական ստորաբաժանումները և այլևս զորակոչիկներ չի ուղարկելու Արցախ։ 

Վիտալի Բալասանյանը հավաստեց, որ Հայաստանից դեպի Արցախ ներկայումս զորակոչ չկա, սակայն նշեց, որ Արցախի բանակը համալրվում է պայմանագրային զինծառայողներով, հետևաբար Արցախի ԶՈւ–ն քանակական և որակական առումներով պահպանվելու է։ Ըստ նրա` իրականությունից շատ հեռու է այն տեղեկությունը, որ Հայաստանն իր ստորաբաժանումները հանում է Արցախից։ 

«Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի և ծառայել Պաշտպանության բանակում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են այստեղ և խնդիր ունեն թույլ չտալ, որ լինի երկկողմանի ոտնձգություն, բայց դրան զուգահեռ Արցախի բանակի կառուցվածքային փոփոխությունների գործընթացը մեկնարկել է, համալրումը սկսված է։ Արցախի բանակն ի զորու կլինի վարել պաշտպանական մարտեր»,– նշեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Բալասանյանի գնահատմամբ` քանի որ արդեն աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ի հայտ եկել, ուստի Արցախին անհրաժեշտ է պրոֆեսինալ հիմունքներով բանակ, թեև ժամկետային զինծառայության տարբերակն էլ, ըստ նրա, ուժի մեջ է։ Բալասանյանի հավաստմամբ` Արցախի ԶՈւ պահեստազորում կան անհրաժեշտ թվաքանակով մարդիկ, ովքեր կհամալրեն բանակը, որն էլ կկատարի իր առջև դրված մարտական խնդիրները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով