Երեկ Ռուսաստանի Պետական Դուման 3-րդ ու վերջնական ընթերցմամբ ընդունեց ՌԴ ընտրությունների ու հանրաքվեների մասին օրենսդրությունը Սահմանադրության նորմերի հետ համապատասխանեցնելու մասին օրենքի նախագիծը։ Փաստաթուղթը, ի լրումն այլ դրույթների, թույլ է տալիս երկրի գործող նախագահին առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Այս մասին գրում է «Ազատություն» ՌԿ-ի ռուսական ծառայությունը։
Փոփոխություններից մեկի համաձայն՝ այն դրույթը, որով սահմանափակվում է միևնույն անձնի իրավունքը՝ առաջադրելու իր թեկնածությունը, կիրառելի է գործող նախագահի նկատմամբ՝ առանց հաշվի առնելու նրա նախկին պաշտոնավարումները։
Ըստ փոփոխությունների՝ ՌԴ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած ՌԴ քաղաքացին, որը մշտապես բնակվել է երկրում ոչ պակաս, քան 25 տարի ու նախկինում չի ունեցել այլ երկրի քաղաքացիություն կամ կացության իրավունք։ Երկքաղաքացիության պայմանը կիրառելի չէ այն դեպքում, եթե տվյալ պետությունը կամ նրա մի մասը կազմում են Ռուսաստանի մաս։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի