armtimes.com: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է։
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նա ասաց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է։
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի ընթացքում վերջինս բացատրություն է տվել նաեւ ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից (Անձնագրերի եւ վիզաների վարչություն) Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քաղաքացիության վերաբերյալ կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասին: Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով. ընտրությունների արդյունքները կեղծելու մասով մերժվել է քրեական հետապնդման ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու, իսկ ԱՎՎ-ից կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասով` անձի նկատմամբ նույն մեղադրանքից հրաժարվելու մասին դեռևս 2000 թ.-ին կայացված չվերացված որոշման առկայության հիմքերով»,-մանրամասնեց Օհանջանյանը: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին:
Նամակում Շիրխանյանը 23 կետերով ներկայացրել է 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը: