Ստեփանակերտի երկու թաղամասերում բազմաբնակարան նոր շենքերի կառուցման աշխատանքներ են նախատեսվում |armenpress.am|

armenpress.am: Պատերազմի հետևանքով Ստեփանակերտում հիմնովին ավերվել է մոտ 40 շինություն, որոնք կապիտալ վերակառուցման կարիք ունեն: Այս մասին տեղեկացրեց Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրվել է ավելի քան 200 տեղեկանք այն բնակելի շինությունների սեփականատերերին, որտեղ բացակայում են բնակվելու համար անհրաժեշտ պայմանները:

«Այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Ստեփանակերտի տարաբնույթ նշանակության օբյեկտներում: Մասնավորապես վերանորոգվում է պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի համար 10 դպրոցի շենքը, որպեսզի երեխաները կարողանան այստեղ մանկապարտեզ հաճախել: Շարունակվում են վնասված դուռ- պատուհանների և տանիքների փոխարինման աշխատանքներն ու վերանորոգման այլ աշխատանքներ՝ սոցիալական ծրագրերով»,-ասաց Ղուլյանը: Փոխքաղաքապետի խոսքով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի անմիջական նախաձեռնությամբ ու վերահսկողությամբ իրականացվող շինաշխատանքներից ամենամեծ ու պատասխանատու նախագիծը քաղաքային հուշահամալիրի եղբայրական գերեզմանոցի նոր հատվածի կառուցումն է:

«Իրականացվել են չափագրման աշխատանքները,պատվիրվել՝ նախագիծը: Այժմ ընթանում են հողային աշխատանքներ: Այս քայլով ցանկանում ենք հնարավորինս թեթևացնել մեր նահատակված եղբայրների ընտանիքների ֆինանսական ծանրաբեռնվածությունն ու մեր հարգանքի, պարտքի տուրքը մատուցել հերոս տղաներին»,-մանրամասնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետը՝ նշելով, որ մի շարք ծրագրերի իրագործման և քաղաքային իշխանության բազմաթիվ հոգսերը թեթևացնելու համար սրտացավ անհատների օգնության անհրաժեշտություն է զգացվում:

«Այդ նպատակով ստեղծվել է Ստեփանակերտի աջակցման հիմնադրամ, որի միջոցով այն անհատները, որոնք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կամ այն ծրագրի իրագործմանը, կարող են ֆինանսական փոխանցումներ կատարել: Հավաստիացնում ենք, որ այդ միջոցները նպատակային են իրացվելու, իսկ հաշվետվողականությունը գործելու է թափանցիկ ընթացակարգով»,-ասաց Ղուլյանը:

Ստեփանակերտի հրատապ խնդիրներից փոխքաղաքապետը նշեց բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումն ու բաց հոսող կոյուղիները:

Մասնավորապես՝ բաց հոսող կոյուղիների պատճառով հակասանիտարական վիճակ է ստեղծվել, իսկ այդ տարածքները չենք կարողանում արդյունավետ օգտագործել: Խնդրի լուծման դեպքում հնարավորություն կընձեռվի այդ տարածքներն օգտագործել որպես պուրակներ,զբոսայգիներ, վազքուղիներ և այլ հանրային նպատակներով: Ստեփանակերտում արդիական է ճանապարհների բեռնաթափման խնդիրը:

«Մայրաքաղաքն արդի պահանջներին համապատասխանեցնելու համար նոր ճանապարհների նախագծման ու լայնացման անհրաժեշտություն է զգացվում: Պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիների զգալի մասը հանգրվանել է Ստեփանակերտում և ավտոմեքենաների հոսքը մայրաքաղաքում նկատելիորեն մեծացել է: Օրվա որոշակի ժամերին Ստեփանակերտում գրեթե անհնար է դարձել ավտոմեքենա վարելը: Հիմնանորոգման կարիք ունեն նաև Ստեփանակերտի 4 դպրոցական շենք, իսկ որոշ կրթօջախներում ընթացիկ վերանորոգման պահանջ է զգացվում»,-հայտնեց Սամվել Ղուլյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն