armenpress.am: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 6300 արցախցի տեղահանված ընտանիք՝ 25 հազար քաղաքացի։ Այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը՝ Դիլիջանում կայացած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկման ընթացքում։
«Առաջինը՝ օգնել մեր արցախցի հայրենակիցներին աշխատանք գտնելու Հայաստանի տարբեր մարզերում և հոգալ իրենց ընտանիքների կարիքները, և երկրորդ՝ մեր հայրենակիցներին զինել սոցիալական, ձեռնարկատիրական, փոքր ու միջին բիզնես սկսելու, զարգացնելու և այլ հմտություններով՝ Արցախ վերադառնալուց հետո իրենց օջախները շենացնելու ու զարգացնելու համար»,- նկատեց Վիրաբյանը՝ ընդգծելով ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում համախմբված ու միասնական աշխատանքի անհրաժեշտությունը։