tert.am: Վերջին անգամ հանրահավաքի հարթակում եմ եղել 2003-ին, նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, հետ եմ վարժվել հանրահավաքներում խոսելուց։ Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար։ Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելն ինձ համար ավարտված էր, բայց այն վտանգները, որ այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել, հակառակը կլինի դասալքություն»,-նշեց նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այսօր երկրի առջև երեք խնդիր է ծառացած՝ ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն, ՀՀ-ն սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի սահմանները, երկրի բնակչության անվտանգությունը, իշխանությունը հետևողականորեն քայքայել է բանակը և այսօր չի անում ոչինչ՝ այն վերականգնելու համար։
ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց նաև, որ Ղարաբաղի ապագան բավական մշուշոտ է, նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ 4,5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։
«Հիմա ձեզանից որևէ մեկը լսե՞լ է այս իշխանավորներից, թե իրենք այդ ուղղությամբ ինչ է անում, արդյո՞ք պատրաստ է այսպիսի սցենարի, պարտության դեմք համարվող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել, հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում։ Պետք է գա մի իշխանություն, որը կարող է հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների»,-հայտարարեց նա։