Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն Infocom-ի հետ զրույցում հերքում է տեղեկությունները, թե Կապանում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման։ Գորիսի եւ Մեղրիի քաղաքապետերի հետ կապ հաստատել չի հաջողվել։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրառում է կատարել, ըստ որի՝ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ մի քանի կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր, ինչը, ինչպես արդեն հայտնել ենք, հաստատում է նաեւ Վերիշենի ղեկավարը։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։