Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը իրենց կառավարության առաջնահերթությունն է։
«1992 թվականից Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, այսինքն՝ կոմունիկացիաները փակելու քաղաքականություն, և այս փաստի բերումով պետք է հասկանանք, որ այդ օրակարգը՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը, ձեռնտու է Հայաստանին»։
Նա նաև շեշտեց, որ միջանցքային տրամաբանությամբ հարց կոմունիկացիաների կոնտեքստում չեն քննարկել, չեն քննարկում և չեն քննարկելու։ «Ուզում եմ նաև ընդգծել հետևյալը․ շատ կարևոր արձանագրում է, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ավելի ու ավելի ակտիվ խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին։ Սա ինչո՞վ է կարևոր․ կարևոր է նրանով, որ կա պնդում, որ Ղարաբաղյան հարցը կարգավորված է։ Հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունը արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և պետք է կարգավորվի, և ուզում եմ ընգդծել մեր կառավարության քաղաքական կամքը, այո, գնալ և կարգավորել հարցը․ ինչի՞ համար։ Որովհետև այս բոլոր դժվար, ցավոտ, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման, և Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա չափազանց դժվար գործ է։ «Այստեղ պետք է քաղաքական կամք, այստեղ պետք է նաև հարվածներ վերցնելու ընդունակություն, այստեղ պետք է հանրության հետ բաց, ազնիվ, անկեղծ երկխոսություն, և մենք գնալու ենք այդ ճանապարհով, բայց ես ուզում եմ, որ մենք իլյուզիաների չտրվենք․ այո, այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է ՀՀ սահմանը, և իմ ասած այս երկարաժամկետ գործընթացի բնականոն մեկնարկի համար պետք է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն րոպե առաջ լքեն ՀՀ տարածքը»։
Վարչապետի պաշտոնակատարը նաև մանրամասնեց, թե ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը։ «Մեր պատկերացումը հետևյալն է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, հիմա առավել ևս տվյալ տեղամասում՝ թե՛ ՀՀ-ի, թե Արդբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն իրենց մշտական տեղակայման վայրեր, և այդ հատվածներում, հետագայում նաև ամբողջ սահմանի պահպանությունը իրակացնեն սահմանապահ ծառայությունները, ինչի համար նրանք կոչված են։ Իլյուզիաների չտրվենք, այսպիսի լուծման գնալ հեշտ չի լինելու, որովհետև դա ունի բազմաթիվ բարդություններ, բայց այո, այս ընթացքում մենք անընդհատ դա առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել, որովհետև դա այն լուծումն է, որը իսկապես նշան կլինի տարածաշրջանի երկարաժամկետ կայունության համար»։