ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 18-20-ը Ռուսաստանի Դաշնությունում է՝ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, միջոցառումից առաջ Ռուստամ Բադասյանը մայիսի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին։

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հրավերի և հանդիպման համար, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին ու  Կառավարությանը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման համար ներդրված ջանքերի համար։

Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումները՝ ուղղված քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների բոլոր գործընթացների, սնանկության, դատական ակտերի կատարման ոլորտների, նոտարական ծառայությունների թվայնացմանը, այնուհետ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է երկկողմ համագործակցությամբ՝ ուղղված ԱՊՀ շրջանակում փաստաթղթաշրջանառության միասնական հարթակի ստեղծմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտում  փորձի փոխանակմանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն
Գրիգորյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով