hetq.am: «Լայնամասշտաբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն պատերազմը շարունակվում է բոլոր ոլորտներում»,- ասում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման հնարավոր գործընթացին՝ նշում է, որ մեր երկիրը չպետք է կուլ տա սահմանազատման խայծը եւ իրեն ծուղակի մեջ չգցի: «Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ստորագրի որեւէ փաստաթուղթ: Սա պետք է անհապաղ արձանագրել»,- ընդգծում է քաղաքագետը:
Նա նշում է, որ եթե Վրաստանն ու Ադրբեջանը ԽՍՀՄ-ից դուրս գալու ժամանակ իրենց հայտարարել են նախախորհրդային Վրաստանի ու Ադրբեջանի իրավահաջորդ, ապա Հայաստանն իրեն հռչակել է Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ: Մյուս կողմից, ըստ Արզումանյանի, պարադոքսն այն է, որ նախքան Սովետական Միության անդամ դառնալը կամ մինչեւ քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա հարձակումը հարավկովկասյան երեք հանրապետություններից միայն Հայաստանն էր, որ դե յուրե եւ դե ֆակտո ճանաչված էր Ազգերի լիգայի կողմից:
Քաղաքագետն ասում է, որ Ադրբեջանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտարարվել է որպես դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ վերջինս ճանաչված է եղել միայն դե ֆակտո, եւ դրա կազմում Արցախը չի եղել: Այս առումով Հ. Արզումանյանը շեշտում է, որ երբ Ալիեւն ասում է, թե պետք է վերադառնալ խորհրդային ժամակներում եղած սահմաններին, ուրեմն առաջին փուլում Ադրբեջանն ու Ալիեւը պիտի վերադառնան ԽՍՀՄ կազմ ու դրա կառուցվածքային տրամաբանություն, ինչից հետո միայն իրավունք կունենան հավակնել խորհրդային սահմաններին:
-Մայիսի 12-ից ադրբեջանական զորքը մտել եւ տեղակայվել է Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում: Սա սադրա՞նք է սահմանազատման գործընթացն արագացնելու համար:
-Նախ պետք է ճիշտ բառ ընտրել՝ դա ագրեսիայի, պատերազմի շարունակությունն է: Այդ օպերացիան որեւէ կապ չունի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ: Դա հայկական պետության բռնազավթման գործընթաց է: Եթե պետք է խոսենք սահմանազատումից, ապա Ադրբեջանը պետք է հայտարարի, որ վերադառնում է միութենական հանրապետությունների կազմ եւ տրամաբանություն:
-Այսինքն՝ հայաստանյան իշխանությունները չե՞ն գիտակցում, որ պատերազմը շարունակվում է:
-Հայկական հանրապետությունը եւ իշխանական վերնախավը չգիտես ինչու մտածում են խաղաղության լոգիկայով: Պետք է հասկանալ, որ Մերձավոր Արեւելքի երկրները դեռ ապրում են պատերազմի լոգիկայով: Ռեգիոնում ոչ մեկը, բացի ԱՄՆ-ից եւ Հայաստանից, խաղաղությունից չի խոսում: Բոլորը պատրաստվում են պատերազմի կամ պատերազմում են: Իսկ այս իրավիճակում մտածել խաղաղության, խոսել սահմանների բացման մասին, միամտություն է եւ հանցավորություն:
Դուք կարող եք խոսել խաղաղությունից, եթե բոլորը խոսում են խաղաղությունից, բայց եթե ձեր շուրջը բոլորը պատրաստվում եւ խոսում են պատերազմից, իսկ դուք՝ խաղաղությունից, դա ադեկվատ չէ: Եթե կոմունիկացիաները բացվեն, ապա կբացվեն ոչ թե խաղաղության, այլ պատերազմելու համար: Եվ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը եւ այլ պետություններ պատերազմի հարց են լուծելու, ոչ թե խաղաղության:
Առաջիկա ժամանակներում ռեգիոնում խաղաղություն չի լինելու: Դրա համար պետք է հասկանալ քո քայլերը, ստրատեգիան, տակտիկան:
Շարունակությունը՝ hetq.am-ում։