Արշավիր Ղարամյանը սխալվում է․ ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևացող բարձունքը Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա չէ

Մայիսի 22-ին համացանցում ադրբեջանցի օգտատերերը տարածել էին մի տեսանյութ, որտեղից երևում էր Սևանա լիճը։ «Mediaport» տելեգրամյան ալիքը, տարածելով տեսանյութը, գրել էր․ «Թշնամին հաստատվել է Սևանա լճից ուղիղ գծով ընդամենը 5 կմ հեռավորության վրա»:

Ավելի ուշ պաշտպանության նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է․ «Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում` տարբեր բարձունքների վրա, մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»։

Հերքմանն անդրադարձել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդրի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը՝ Պն-ին մեղադրելով ստելու մեջ։

«Դեռևս մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը թշնամու պաշտպանական բնագիծը Սևանա լճից՝ Արեգունի բնակավայրի ուղղությամբ, 6,66 կմ էր»- գրել էր նա՝ քարտեզից տարածելով լուսապատճեններ, որտեղ երևում է, որ Սևանա լճից սահման հեղավորությունը 6 կմ է։

Ղարամյանի գրառումը հրապարակել են մի քանի լրատվամիջոցներ և սունկ կայքեր (hraparak.am, lurer.com, hayeli.am, asekose.am, newinfo.am

Ավելի վաղ Razm.Info-ին հաջողվել էր տեղորոշել, թե որտեղ է արվել տեսանյութը։ Կայքը գրել էր, որ տեսանյութում երևում է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթը։ 

Razm.Info-ի տեղորոշումը ճիշտ է։

Բարձունքը Հայաստան-Ադրբեջան ներկայիս սահմանի մոտ է։ Սակայն բարձունքի հեռավորությունը Սևանա լճի ամենամոտ հատվածից ոչ թե 5 կամ 6 կմ է, ինչպես նշում են «Mediaport»-ը և Արշավիր Ղարամյանը, այլ ավելի քան 27 կմ։ Այսիքն՝ ՊՆ-ն բարձունքիից Սևանա լիճ հեռավորության մոտավոր ճիշտ թիվ է ներկայացրել։

Իսկ ինչի՞ մասին էր խոսում Արշավիր Ղարամյանը։ Նրա նշած հատվածում՝ Արեգունի բնակավայրի ուղղությամբ, Սևանա լճից սահման երկարությունն իրոք 6 կմ է։

Սակայն սահմանի այս հատվածը տեսանյութում երևացող բարձունքից հեռու է ավելի քան 30 կմ։ Հետևաբար, Ղարամյանի այն պնդումը, թե ՊՆ-ն ստում է՝ Սևանա լճի և բարձունքի միջև սխալ հեռավորություն ասելով, չի համապատասխանում իրականությանը։

Արշավիր Ղարամյանի հայտարարությունն այս համատեքստում մանիպուլյատիվ է․ իրոք կան հատվածներ, որտեղ Սևանա լճից սահման հեռավորությունը 6 կմ է, սակայն կոնկրետ այն բարձունքը, որտեղից արվել էր տեսանյութը, Սևանա լճից 27 կմ հեռավորության վրա է։

Աննա Սահակյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով