tert.am: Վրաստանում Ռիոն գետի վրա «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախօրեին զանգվածային ցույցեր են անցկացրել մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, երկուշաբթի տեղափոխվել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ սպասում են օրենսդիր մարմնի խոսնակի հետ հանդիպմանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ակցիայի կազմակերպիչ Վարլամ Գոլետիանին:
«Խորհրդարանի խոսնակը կապի է դուրս եկել մեզ հետ և առաջարկել հանդիպել… Կպարզենք` ինչ է իշխանություններին մնացել մեզ ասելու»,- հայտարարել է Գոլենտիանին:
Հիշեցնենք, որ ցույցի մասնակիցները երեք վրաններ էին խփել թբիլիսյան հրապարակում` իրենց բողոքը հայտնելով թուրքական ENKA խոշորագույն շինարարական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման դեմ:
Ցուցարարները պահանջ էին ներկայացրել իշխանություններին չեղարկել ՀԷԿ-ի կասկադի շինարարության մասին պայմանագիրը, չեղարկել տարածքը թուրքական ընկերության սեփականությանը փոխանցելու մասին պայմանավորվածությունն ու քրեական գործ հարուցել երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի նկատմամբ: