Հայ գերիների վերադարձի կոչով բանաձևը ողջ տարվա ընթացքում կլինի Կալիֆորնիայի դեմոկրատական կուսակցության առաջնահերթություններից |armenpress.am|

armenpress.am: Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանի ջանքերով հայ գերիների վերադարձի համար ԱՄՆ Կոնգրեսի և Բայդենի վարչակազմի կողմից քայլեր ձեռնարկելու կոչով, Ադրբեջանի և Թուրքիայի վրա սանկցիաներ կիրառելու պահանջով բանաձևն առաջիկա տարվա ընթացքում կլինի կուսակցության 13 առաջնահերթություններից մեկը: Կուսակցության համագումարում բանաձևի ընդունումից հետո սպասվող զարգացումների մասին խոսել է Էլեն Ասատրյանը, որն այս օրերին Հայաստանում է:  

«Սա ոչ միայն բանաձև է, որն անցել է համագումարի ժամանակ, այլ  նաև դարձել է կուսակցության առաջնահերթության մասը: Ներկայացվել էր 159 բանաձև, որից միայն 13-ն էր կարող անցնել համագումարի ժամանակ: Դա նշանակում է, որ Կալիֆորնիայում այս տարվա ընթացքում կուսակցության բոլոր մարմինների քննարկվող առաջնահերթ հարցերի մեջ է լինելու Հայաստանի, Արցախի հարցը՝ գերիների վերադարձը,  Թուրքիայի և Ադրբեջանի վրա սանկցիաներ դնելը»,-ասաց Ասատրյանը:

Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում: Ընդունված բանաձևը կարևոր կոչ է անում նաև օրինակ Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին՝ պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն։ 

Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունը համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ և ամենահզոր կուսակցական մարմինը: Այն ներկայացնում է ավելի քան 10 մլն դեմոկրատների, բացի այդ Կալիֆորնիան համարվում է ամենահզոր նահանգներից մեկը: Բանաձն ուղարկվել է Բայդենի վարչակազմին, Պետդեպարտամենտին, Կոնգրեսին՝ հայտնելով, որ այս մարմինն ունի հետևյալ պահանջները: Ասատրյանը նկատեց նաև , որ Բայդենի վարչակազմը դեմոկրատական է, և նման մարմնից եկող բանաձևը, կոչը, իր կշիռը միանշանակ ունի: 

«Դա միայն մեկ օրվա թեմա չէր, այլ այս ամբողջ տարին այս բանաձևի գծերը քննարկվելու են: Բոլոր ժողովներում այն պետք է քննարկվի՝ որպես առաջնահերթություններից մեկը»,-նշեց նախաձեռնողը: 

Սա Էլեն Ասատրյանի միակ հայանպաստ ու կարևոր նախաձեռնությունը չէ, նա ԱՄՆ-ում իր ակտիվ գործունեությունը սկսել է դեռ 16 տարեկանից, հանդես է եկել տարբեր ձեռնարկներով: Նա եղել է Գլենդելի հայ դատի հանձնախմբի տնօրեն: Ասատրյանի նախաձեռնած օրենքի ընդունման արդյունքում մեկ տարում Գլենդելում աշխատանքի են վերցնել 15 հայ ոստիկանի: «Օրենքը պահանջում էր, որ ոստիկանը կարողանա խոսել հայերեն, քանի որ քաղաքում կա բնակչություն, որն անգելերենին չի տիրապետում»,-ասաց նա ու հավելեց, որ հիմա ոչ միայն ոստիկանությունում, այլ նաև քաղաքապետարանում ամենատարբեր բարձր պաշտոններում աշխատում են հենց հայեր: 

Նա 2013-ին եղել է նաև արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի տնօրեն: 2014-ին նաև Էլեն Ասատրյանի ջանքերով հնարավոր է եղել հասնել նրան, որ Կալիֆորնիայի դպրոցներում 10-րդ և 11-րդ դասարաններում սկսել են  դասավանդել Հայոց ցեղասպանության մասին:

Շարունակությունը՝ armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն