tert.am: Մինչ օրս 3500-ից ավել դիակի և դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել մեր հիմնարկի կողմից։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Արմեն Գևորգյանը։
«Իմ կարծիքով՝ մեր մասնագիտական բարձր որակավորման և պատասխանատվության արդյունքում մենք կարողացանք իրականացնել բարդագույն փորձաքննություններ, որովհետև զինվորների փորձաքննությունները սովորական չէին․ դրանք ամբողջովին մասնատված, նեխային կազմափոխման ենթարկված դիակներ էին, որոնց փորձաքննությունը պահանջում էր թե՛ մասնագիտական, թե՛ բարոյահոգեբանական ուժերի գերագույն լարում»,-ասաց նա։
Դատաբժիշկն ընդգծեց՝ պատերազմական իրավիճակը նախատեսում է ոչ ստանդարտ աշխատելաոճ ցանկացած բնագավառի համար։
«Գորիսում, Արմավիրի մարզում, Ստեփանակերտում, Մարտունիում մեր հիմնարկի պահանջով ՊՆ-ի կողմից տրվեցին շարժական սառնարանային համակարգեր։ Հպարտությամբ եմ ասում՝ իմ նախաձեռնությամբ՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում վերցրել ենք եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխան սառնարանային համակարգ, որը միգուցե նախատեսված է եղել մրգի պահպանման համար։ Ի փառս այդ համակարգի տիրոջ՝ կարող եմ ասել, որ առանց որևէ շահախնդրության նա տրամադրեց իր սառնարանային համակարգը՝ մեր զինվորների դիակները պահելու համար»։