Երևանի քաղաքապետարանը Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում կասեցրել է ապօրինի շինարարությունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների համագործակցությամբ հայտնաբերվել է հերթական ապօրինաշինությունը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում՝ Շենգավիթի վարչական դատարանի դիմացի հատվածում, սեփական հողատարածքի վրա քաղաքացին նախաձեռնել էր կառուցապատում՝ չունենալով շինարարության թույլտվություն:

Ընդ որում՝ տարածքը պաստառապատվել էր՝ ինքնակամ կառուցապատումը քողարկելու նպատակով: Ապօրինաշինության հայտնաբերումից հետո շինարարական աշխատանքները նախ կասեցվել, հետո նաև դադարեցվել են: Տարածքի սեփականատերը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության:

 Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից տարածքում սահմանվել է հսկողություն: Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է՝ զերծ մնալ հողազավթման կամ ապօրինի շինարարություն նախաձեռնելուց: Ցանկացած նման դեպք ենթակա է կասեցման՝ համապատասխան վարչարարության կիրառմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն