Կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ սահմանի նախկին դիրքեր, բանակցություններ սկսել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, որը տարածաշրջանային այցով Ադրբեջանում է, տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մասնակցել կլոր սեղանի։ Այս մասին տեղեկանում ենք Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից։

Ռիքերը խոսել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններից, անդրադարձ կատարել նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին ու Արցախյան հակամարտությանը։

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ՝ ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինծառայողների ձերբակալմամբ ու վերջերս ականի վրա պայթելու հետևանքով երկու լրագրողների մահվամբ։ 

Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանի դեմարկացիայի հարցում ու կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ իրենց նախկին դիրքերին, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում որքան հնարավոր է՝ շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման հասնելու համար։ «Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել տարածաշրջանում հումանիտար կարիքները բավարարելու համար։ Բայց միայն հակամարտության խաղաղ կարգավորմամբ Հարավային Կովկասի ժողովուրդները կարող են իրականում ծաղկել ու բարգավաճել»,- ասել է Ֆիլիպ Ռիքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն