tert.am: Մենք ուզում ենք, որ հայ ազգը տեսնի անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների վիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին գերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:
«Այժմ մենք սպասում ենք, որ մեզ պատասխան տան, մենք հանդիպեցինք վարչապետի օգնականի հետ, բայց կոնկրետ չասաց՝ մեզ կընդունեն, թե չէ: Մենք այստեղ պատրաստվում ենք սպասել մինչև մեզ ընդունեն»,- նշեց Եղիշե Զաքունցը:
Ակցիա իրականացնող ծնողներից մեկն ընդգծեց, որ նրանց հետագա գործողությունները կախված են վարչապետի հետ հանդիպումից:
«Կշարունակենք, թե ոչ, այդ հարցի պատասխանը կստանանք վարչապետի հետ հանդիպումից հետո, կտեսնենք նրա պատասխանը, եթե մեզ գոհացնի, ապա շատ լավ, չի գոհացնի, կշարունակվի ու ավելի շատ»,- նշեց նա:
Ծնողները նաև մեկնաբանեցին կառավարության կողմից հանձնաժողով ստեղծելու հարցը, որը պետք է զբաղվի անհետ կորածների և գերիների հարցերով և ընդգծեցին՝ ինչու՞ չէր բացվել այդ հանձնաժողովը 9 ամիս առաջ: