Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը մասնակցել են հայ-իրանական գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին մասնակցել են Prom Expo և IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայկական և իրանական շուրջ 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
 
Համաժողովին մասնակից ընկերությունները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, սննդի, տեքստիլի, դեղագործության, բժշկական սարքավորումների արտադրություն և այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ։  

Համաժողովի նպատակն է խթանել հայ-իրանական առևտրային հարաբերությունների զարգացումը, գործարկել ներկրման և արտահանման նոր ձևաչափեր, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումները հավասար կարևորություն ունեն երկու երկրների համար․ իրանցի գործընկերների համար սա լավ հնարավորություն է բացահայտելու Հայաստանի միջոցով Եվրասիական տնտեսական միության և այլ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություններ։ «Մենք պատրաստ ենք միավորել մեր ուժերը իրանցի գործընկերների հետ և միասին նոր շուկաներ գրավել։ Իրանը ակտիվ խրախուսում է գիտելիքահեն ընկերությունների ստեղծումը և առաջխաղացումը, մենք նույնպես մեր տնտեսական քաղաքականության մեջ որդեգրել ենք այդ մոտեցումը,և այստեղ նույնպես մեր մոտեցումներն ու հայացքները խաչվում են»,- հավելել է Վահան Քերոբյանը։

Միաժամանակ նախարարի պաշտոնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-իրանական տնտեսական կապերի ու առևտրային հարաբերությունների ակտիվացմանն ու ընդլայնմանը։  

ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքում նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում ձևավորվել է կայուն համագործակցություն, և իրանական գիտահեն կազմակերպությունները պատրաստ են իրենց գիտելիքը, փորձն ու տեխնոլոգիաները փոխանցել հայկական կողմին՝ բարձրագույն տեխնոլոգիաների և նանոտեխնոլոգիաների ոլորտում ևս փոխգործակցելու նպատակով։

«Նմանատիպ համաժողովների կազմակերպումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել  այն ներուժը, որն առկա է իրանական կողմում և բարենպաստ հող պատրաստել այս ուղղությամբ երկկողմ համագործակցություն ձևավորելու համար»,- նշել է դեսպանը։ 

Համաժողովի ընթացքում հայ և իրանցի գործարարների միջև կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են գործարար նոր կապերի ստեղծման հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով