Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված աջակցության ծրագիրը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 28-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2020 թ. պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի ընթացքը:
 
Իր խոսքում պետնախարարն ընդգծել է, որ մարտ ամսին կառավարության կողմից հաստատված ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամում ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ծավալուն աշխատանք է կատարվել:
 
Ըստ նախնական հաշվարկների՝ ծրագիրը տարածվում է ավելի քան 100000 վարկային պարտավորությունների վրա, ինչը ծավալների առումով աննախադեպ է ԱՀ պատմության մեջ: Քաղաքացիներն արդեն ներկայացրել են մոտ 43400 դիմում, որից 35870-ն ընթացքավորվել են, շուրջ 1400-ը՝ մերժվել է, իսկ 6000 դիմումից ավելին տեխնիկական սխալների պատճառով վերաներկայացման կարիք ունի:
 
Այժմ անհրաժեշտություն կա համատեղ քննարկելու վերհանված խնդիրները և համապատասխան լուծումներով բարձրացնելու ծրագրի արդյունավետության, արդարացիության ու հասցեականության մակարդակը, նշել է Արտակ Բեգլարյանը:
 
Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որը վերաբերում էր ծրագրի կիրառման փուլում առաջացած թե՛ տեխնիկական-կազմակերպական, թե՛ բովանդակային բնույթի տարբեր հարցերի:
 
Քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ լուծումների առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացվեն ԱՀ կառավարության հաստատմանը:
 
Խորհրդակցությանը մասնակցում էին գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ծրագրի իրականացումն ապահովող գերատեսչությունների ղեկավարներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն