tert.am: Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները երեքշաբթի ավելի քան 100 մարդ են բերման ենթարկել ԼԳԲՏ համայնքի դեմ և հաջակցություն երկուշաբթի ծեծի ենթարկված լրագրողներին կազմակերպված ցույցերի ժամանակ: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում ակցիայի ժամանակ 100 մարդ է ձերբակալվել հասարակական կարգի խախտման, ոստիկանությանը չենթարկվելու և անկարգությունների ժամանակ բռնության համար: Ձերբակալվածներից 68-ը նույն օրն ազատ է արձակվել ստորագրության դիմաց, 32-ը մնում է ժամանակավոր պահման մեկուսարանում:
Նշվում է, որ ակցիաների ժամանակ ոստիկանությունն իրականացրել է օրենքով նախատեսված բոլոր միջոցները և, չնայած ոստիկանության բազմաթիվ կոչերին, ակցիայի մասնակիցները շարունակել են դիմադրել, տարբեր իրեր են նետել, որի արդյունքում ոստիկանները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքին դեմ արտահայտվող քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, շենքի վրայից պոկել Եվրամիության դրոշն ու այրել, որի կադրերը ցույց է տվել «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ անցկացվել է նախ քաղաքական գործիչների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրահավաք, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել ավելի վաղ սեռական փոքրամասնություններին դեմ արտահայտվողների բողոքի ակցիայի ժամանակ տուժած լրագրողների հետ: Միևնույն ժամանակ, ոչ հեռու հավաքվել են ԼԳԲՏ համայնքին դեմ քաղաքացիները և ավանդական արժեքների կողմնակիցները: Նրանց միջև կանգնել են ոստիկանները: Նրանք մի քանի անգամ փորձել են ճեղքել ոստիկանական պաշտնեշը, քարեր ու շշեր նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, ոստիկանները մի քանի մարդու բերման են ենթարկել: