azatutyun.am: Հայ – ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն են քննարկել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ կայացած հեռախոսազրույցում:
«Կողմերը մտքեր փոխանակեցին եռակողմ հայտարարությունների և տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց երկու պետությունների սահմանին լարվածության վերաբերյալ», – ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Բայրամովը զրուցակցին վստահեցրել է, թե ադրբեջանական բանակը պատասխանում է հայկական կողմի «ռազմական սադրանքներին, Ադրբեջանը պաշտպանում է իր միջազգային սահմանները»:
«Ընդգծվեց, որ Հայաստանը պետք է վերջ տա նման անպատասխանատու վարքագծին և կատարի իր պարտավորությունները: Նախարարը նշեց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանին լարվածությամբ և այդ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակից է», – ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում: