Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության կարգին:
Պետական նախարարը նշել է, որ կարգը գործում է 2020-2021 ուստարվանից, և անհրաժեշտ է հասկանալ, թե նախորդ ուսումնական տարում ինչ խնդիրներ են վերհանվել, ինչը հնարավորություն կընձեռի կատարել համապատասխան բարելավումներ:
«Էլեկտրոնային ծրագրով գործող կարգի հիմնական նորամուծությունը աշակերտի բնակության վայրի սկզբունքն է, որի հիման վրա ինքնաշխատ կերպով ընդունելությունը կազմակերպվում է բնակության վայրին մոտիկ դպրոցում՝ իհարկե, որոշ հիմնավոր բացառություններով: Այս կարգն ունի իր դրական ու բացասական կողմերը, և այս խորհրդակցությամբ նպատակ ունեմ քննարկել բոլոր հանգամանքները, որպեսզի կարողանանք ընդունելության համակարգը դարձնել ավելի արդյունավետ, արդար ու մատչելի: Էական է և՛ կրթության իրավունքի, և՛ որոշակի կարգապահության ապահովումը, ինչը կերաշխավորի արդարացիություն և մատչելիություն: Մյուս կողմից՝ անընդունելի է, որ կրթության իրավունքի կամ արդարացիության սկզբունքի իրացման ներքո չարաշահումներ լինեն: Մենք, որպես որոշումներ կայացնողներ, խնդիր ունենք լավագույն լուծումը գտնել այս իրավիճակում»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը: