azatutyun.am: Բելառուսի սահմանադրական հանձնաժողովը խոստանում է նախագահին ներկայացնել երկրի հիմնական օրենքի փոփոխությունների նախագիծը մինչև սեպտեմբերի 1-ը:
Նոր Սահմանադրությունում կսահմանափակվեն պետության ղեկավարի լիազորությունները, կուժեղացվի Համաբելառուսական ժողովրդական ժողովի դերը, կհայտնվի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը:
Անցած տարի նախագահական ընտրություններից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, թե հերթական անգամ հաղթել է երկիրը 1994 թվականից ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, հարյուր հազարավոր բելառուսցիներ դուրս էին եկել փողոց: Իշխանությունները նրանց դեմ կիրառեցին աննախադեպ բիրտ ուժ: Չնայած դրան, սակայն, բելառուսցիները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում:
Արևմուտքը հրաժարվել է ճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Բելառուսցի ընդդիմադիրները կա՛մ հայտնվել են բանտերում, կա՛մ ստիպված են եղել լքել երկիրը:
Լուկաշենկոյին հաջողվեց պահպանել իշխանությունը միայն Կրեմլի շնորհիվ: Ռուսաստանցի վերլուծաբանները համոզված էին, որ Կրեմլի աջակցությունից հետո նա կհայտարարի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դե ֆակտո իրագործման մասին: Այդուհանդերձ, ռուս-բելառուսական ինտեգրման հարցում մեկ տարի անց լուրջ առաջխաղացում չկա, իսկ Լուկաշենկոն մինչ օրս նույնիսկ Ղրիմը չի ճանաչել Ռուսաստանի կազմում:
Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ տարի առաջ հայտարարել էր, թե կթողնի պաշտոնը, երբ երկրում փոխվի Սահմանադրությունը: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է կայանա 2022 թվականի փետրվարից ոչ ուշ, այսինքն՝ ամենաուշը կես տարի հետո:
Փոփոխված Սահմանադրությունը նաև սահմանափակելու է նախագահության ժամկետները՝ մեկ անձը կարող է նախագահել միայն երկու ժամկետ, այսինքն՝ 10 տարի: 66-ամյա Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է արդեն 28 տարի, և արդյոք նոր Սահմանադրության ընդունմամբ կզրոյացվեն նրա նախագահության ժամկետները, հայտնի չէ:
Հարցին՝ կկատարի արդյոք Բելառուսի ղեկավարն իր խոստումը և կհեռանա արդյոք նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո, ոչ Լուկաշենկոն, ոչ էլ փորձագետները հստակ պատասխան չեն տալիս: