hetq.am: Երևանում բնակարանի հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձն աստիճանաբար կհանվի։ Որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 12-ի նիստում։
Ըստ որոշման նախագծի՝ նպատակը հիպոտեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելը, ինչպես նաև քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է: Այսպես կառավարությունը փորձում է խթանել քաղաքաշինական ծրագրերն ու անհատական բնակարանաշինությունը մարզերում:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝
- 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում,
- 2023 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,
- 2023 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում,
- 2025 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։
Առաջարկվող սահմանափակումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստացված շինարարական թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մասով։
Նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև օրենքի ընդունումը կամ մինչև օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ արտոնության կիրառման տարիների ընթացքում և հատկապես վերջին 2 տարիներին կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է։
«Եթե 2015-2017 թվականներին ծրագրի նոր շահառուներ են եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019 թվականներին շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000։ 2020-ին նոր շահառուների թիվը եղել է 5200։ Կտրուկ աճել են պետական բյուջեից քաղաքացիներին վերադարձվող եկամային հարկի գումարները։ Եթե 2016-2017 թվականներին պետական բյուջեից ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019-ին՝ 3․3 մլրդ, 2020-ին՝ 5,4 մլրդ դրամ, միայն 2020 թվականի հատկացումների մասով հանրագումարով հասնելով 13․3 մլրդ դրամի։ Ներկայումս շահառուների քանակը գերազանցում է 17 000-ը, հատկացված գումարը տարեվերջին կկազմի մոտ 21 մլրդ դրամ, իսկ շահառուների քանակը՝ 20 000»,- հայտնեց Տիգրան Խաչատրյանը։
Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։