Կառավարությունը հանդես է եկել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը բարելավելու օրենսդրական նախաձեռնությամբ

Կառավարությունը որոշում է ընդունել «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին:

Նախագծերի մշակումն իրականացվել է գնումների համակարգի բարեփոխումների 3-րդ փուլի շրջանակում: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի կանոնակարգել գնումների ընթացակարգերին վերաբերող 2 հարց: Առաջինը գնումների բողոքարկման համակարգում փոփոխությունն է՝ այն Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բողոքարկման ընթացակարգերին համապատասխանեցնելու նպատակով: Երկրորդ հարցը վերաբերում է առ այսօր Հայաստանում գոյություն ունեցող, զուգահեռաբար գործող գնումների անցկացման ազգային ընթացակարգերի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հատկացրած միջոցների շրջանակում կամ սահմաններում հատուկ այդ կազմակերպությունների սահմանած կանոններով իրականացվող ընթացակարգերի միասնականացմանը: 

Գործող կարգավորման համաձայն՝ գնման ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկվել արտադատական և դատական կարգով: Բողոք ներկայացնելու հնարավորություն ունի ցանկացած անձ: Կատարված ախտորոշումները ցույց են տալիս, որ արտադատական բողոքարկման համակարգն արդյունավետ չէ այն տեսակետից, որ կայացվող որոշումները ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, միմյանց հակասող, ինչի հետևանքով կամ դրանք բողոքարկվում են դատարաններում, կամ գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած: Խնդրահարույց է նաև բողոք ներկայացնելու հնարավորություն ունեցող անձանց լայն շրջանակը: Գործող արտադատական բողոքարկման համակարգը ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից խնդրահարույց է գնահատվել  նաև ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից: Առաջարկվող կարգավորումների շրջանակում ձևավորվելիք բողոքարկման համակարգի մոդելը քննարկվել է վերջիններիս հետ և համարվել  է ընդունելի լուծում:

Որպես արդյունք՝ ակնկալվում է ինստիտուցիոնալ և կիրառելիության տեսակետից ունենալ բողոքարկման արդյունավետ համակարգ, ինչպես նաև արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում գնումներն իրականացնել ազգային ընթացակարգերով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև