Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի   հերթական նիստը: Ամփոփվել են 2021թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները և քննարկվել խորհրդի առաջիկա անելիքները: Արձանագրվել է հանձնաժողովի միջոցով իրականացված բողոքարկման գործընթացի  արդյունավետությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մանրամասնելով, որ հանձնաժողովը ստացել է 133 դիմում և բողոք, որոնց ուսումնասիրմամբ ընթացք է տվել 76-ին` նպաստելով դրանց արդարացի լուծմանը:

 23 զորակոչիկ ձեռք են բերել տարկետման օրինական հիմքեր, որից 22-ը առողջական վիճակի, 1-ը` ընտանեկան պայմանների բերումով, 3-ը ճանաչվել են ոչ պիտանի զինծառայության համար և հաշվառվել են պահեստազորում: Բացի այդ, 27 զորակոչիկների զորակոչման հարցը առկախվել է և կորոշվի հաջորդ զորակոչին` ելնելով լրացուցիչ և ստուգիչ բժշկական հետազոտությունների կատարման անհրաժեշտությունից: 

Քննարկելով հասարակական խորհրդի առաջիկա անելիքները` որոշվել է երկշաբաթյա ժամկետում որոշակիացնել և պաշտպանության նախարարին ներկայացնել պաշտպանական քաղաքականության այն ուղղություններն ու խնդիրները, որոնց վրա հարկ է կենտրոնացնել հասարակական խորհրդի ջանքերը` Զինված ուժերի բարեփոխումներին նպաստելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter