Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում նաև երկրի սահմաններից դուրս. BBC |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն կատեգորիկ կերպով հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահացան դեռևս անհայտ հանգամանքներում: Եվրոպայում բնակվող ընդդիմադիր ադրբեջանցիներին հետևում են, հարևան երկրներ մեկնածներին բռնի ուժով տեղափոխում Ադրբեջան ու բանտարկում: Այս մասին լայնածավալ հոդված է պատրաստել BBC-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների ու բռնությունների փաստերին:

Ադրբեջանցի ակտիվիստ Հուսեյն Բաքիխանովը մայիսի 7-ին Բաքվում մասնակցել էր բողոքի ակցիայի: Նրան իրավապահները ձերբակալել էին և 15 օրով բանտարկել, իսկ ազատ արձակելուց հետո, նրա իսկ խոսքով, ոստիկանները ծեծի էին ենթարկել՝ հայտարարելով. «Կամ դու երկրից կհեռանաս կամ քեզ կսպանենք կամ էլ կանենք այնպես, որ ինքդ քեզ սպանես»: BBC-ն պատմում է, որ այս սպառնալիքներից հետո Բաքիխանովը լքել էր Ադրբեջանն ու քաղաքական ապաստան խնդրել Վրաստանից: Հուլիսի 12-ին նա ծեծի էր ենթարկվել Թբիլիսիում՝ նրա իսկ խոսքով՝ ադրբեջանցիների կողմից: Այս մասին նա տեսանյութ էր հրապարակել՝ ասելով, որ պատահական չի համարում հարձակումն իր վրա: Տեսանյութի հրապարակման հաջորդ օրը Բաքիխանովը ինքնասպանություն էր գործել՝ թռնելով Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցի տանիքից: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննում է գործը «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Վրաստանում բնակվող ադրբեջանցի իրավապաշտպան Ավթանդիլ Մամեդովը հավատացած է, որ կատարվածն ինքնասպանություն չի եղել: Վրաստանի իշխանությունները երկու շաբաթ թաքցրել էին միջադեպը, որի մասին պարզ էր դարձել այն բանից հետո, ինչ այլ քաղաքական էմիգրանտներ սկսել էին պարզել, թե որտեղ է Հուսեյն Բաքիխանովը:

Սա 2021 թվականին արտերկրում հաստատված ադրբեջանցի ակտիվիստի հետ կապված արդեն երրորդ նմանօրինակ միջադեպն է: Հունվարի 15-ին Բելգիայի ոստիկանությունը գետում հայտնաբերել էր Վուգար Ռզայի մարմինը: Նա շուրջ մեկ շաբաթ անհետ կորած էր համարվում: Իսկ մայիսի 5-ին Ստամբուլում հայտնաբերվել էր ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին, ով խեղդվել էր ծովում: Վերջինս Ադրբեջանում հետապնդումների էր ենթարկվում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա Բաքվի ղեկավարությանը քննադատող գրաֆիտի անելու համար:

Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից այլախոհների նկատմամբ նման քաղաքականության զոհերից Լեյլա Յունուսը, ով ամուսնու հետ այժմ բնակվում է Նիդերլանդներում, տևական ժամանակ անցկացրել է ադրբեջանական բանտում՝ տնտեսական հանցանքներ գործելու հիմնավորումներով: Նա պատմում է, որ երկրում հետապնդումները հատկապես ուժգնացան 2013 թվականից, երբ Եվրախորհրդարանը դեմ քվեարկեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևին: Բաքվում համարեցին, որ կարելի է չվախենալ պատժամիջոցներից ու սկսեցին ձերբակալություններ իրականացնել: Շատերը ստիպված մեկնեցին այլ երկրներ, սակայն Յունուսը վստահ է, որ Ալիևն Ադրբեջանն այլախոհներից մաքրելուց հետո սկսել է նրանցից ազատվել արդեն արտերկրում:

BBC-ն նշում է, որ Եվրոպայի տարածքում անհայտ անձանց կողմից մի քանի անգամ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները ծեծի են ենթարկվել: Միայն 2021 թվականին երկու բլոգեր՝ Բեռլինում և Նանտում, բռնության զոհ են դարձել: Մի շարք դեպքերում Իլհամ Ալիևի քննադատները ոստիկանության պահանջով ձերբակալվում են և վերադարձվում Ադրբեջան: Նրանցից էր լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ով Թուրքիայից արտաքսվել էր և երկու տարի անցկացրել Բաքվի բանտում:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն