ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել է սոցիալական բիզնեսի ներդրման  նոր ծրագիրը

Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԱՀ խորհրդարանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:

Ողջունելով հյուրերին՝ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով  Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորած ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ:

Հանդիպմանը քննարկվել է պատերազմից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության միջոցով իրականացված  շուրջ 15 ծրագիր: Նախարարի տեղեկացմամբ նախատեսվում է վերաձևել այդ ծրագրերը՝ դրանք ավելի թիրախային ու նպատակային դարձնելու  ակնկալիքով: «Մեր նպատակն է՝  աստիճանաբար այլընտրանքներ զարգացնելով ու ներկայացնելով սոցիալական ուղիղ աջակցությունից անցում կատարել  դեպի զարգացման ծրագրեր», -շեշտել է Նարեկ  Մկրտչյանը:

Նախարարը նշել է, որ Արցախ այցելելու գլխավոր նպատակն է ներկայացնել սոցիալական բիզնեսի ներդրման  նոր ծրագիր, որը կներառվի պետական աջակցության ծրագրերում: Հայաստան համահայկական, հայկական բարեգործական հիմնադրամների, մասնավոր անհատների և սփռյուքի հայ գործարարների հետ  պայմանավորվածություններ ունեն նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման համար: Այս առումով նախարարը կարևորել է արցախցու՝ Արցախում բիզնես ծրագիր իրագործելու խնդիրը, Արցախի ժողովրդագրական և սոցիալական անվտանգությունը:

Հանդիպմանը անդրադարձել են նաև ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած տեղահանված արցախցիների կացարանների և Արցախում բնակարանաշինությանն առնչվող  հարցեր: Քննարկման փուլում է աջակցության որոշ ծրագրերի հնարավոր շարունակականության հարցը:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն