Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացը հասցեական չէ, բարդ է ու ձգձգումներով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին 2020 թվականի ընթացքում շարունակվել են հասցեագրվել բողոքներ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հասցեականության վերաբերյալ:

2021 թվականին Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ, որով ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը բարձրացվել է և սահմանվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված մարդկանց՝ 1936 թվականի փոխարեն:

«Իհարկե ողջունելի է, որ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմի փոփոխությամբ, ավանդի դիմաց փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնվել է նաև 2020 թվականին, սակայն այդ փոփոխությամբ շահառուների հասցեականության խնդիրը չի լուծվել»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ նույն հաղորդագրության՝ Արման Թաթոյանին հասցեագրված բողոքները վկայում են, որ ավանդների փոխհատուցման գործընթացն արդարացիորեն չի գոհացնում քաղաքացիներին: Մարդկանց դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ փոխհատուցման սահմանված հասցեատերերի շրջանակը նեղ է, իսկ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը՝ ցածր, արդյունքում՝ հնարավոր է լինի շահառուների մի շրջանակ, որոնք մահացած կլինեն առանց իրենց իրավունքն իրացնելու, առավել ևս՝ Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում. ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձինք գտնվում են կորոնավիրուսային հիվանդության զարգացման բարձ ռիսկային խմբում:

ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, այն չի կարող անցնել այլ անձի (բացառությամբ՝ զոհվածների ժառանգների), լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությամբ՝ ավանդների փոխհատուցման գործընթացում պետությունն ի սկզբանե նախատեսել է սոցիալապես խոցելի ավանդատուների սահմանափակ շրջանակ, ինչը չի բխում ծրագրի սոցիալական աջակցության սկզբունքներից:

«Խնդիրներից մեկն էլ վերաբերում է ավանդների փոխհատուցման բարդ ընթացակարգին․ որոշմամբ նախատեսված չեն ավանդների փոխհատուցման հստակ միջանկյալ և վերջնական ժամկետներ, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում ավանդների փոխհատուցման հարցում: Խոսքն այն իրավիճակների մասին է, երբ օրինակ՝ մարդը դիմել է սոցիալական աջակցության մարմին, սակայն մինչև ավանդի վճարումը (եթե ավանդը չի ներկայացվել վճարման) մահանում է. հաշվի առնելով ավանդների փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տարիքը՝ նշվածի հավանականությունը մեծ է: Տվյալ դեպքում ավանդատուի ավանդ ստանալու գույքային իրավունքը դադարում է:

Խնդիրը 2020 թվականի ընթացքում առավել ակնառու է եղել՝ պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակով: Համավարակի պատճառով փոխհատուցման գործընթացն ավել է ձգձգվել, այդ մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները»,- ասված է հաղորդագրությունում՞

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ (նրանք հիմնականում տարեց անձինք են) անհրաժեշտ է ավանդների փոխհատուցման գործընթացը պարզեցնել, սահմանել հնարավորինս կարճ ժամկետներ սոցիալական աջակցության այդ իրավունքը լիարժեք երաշխավորելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն