Հայաստանում իրավապաշտպաններն էլ պաշտպանության կարիք ունեն

Մարտի 8-ին «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում Ահարոնյանն իր ելույթում խոսել էր աղքատ, հաշմադամություն ունեցող, միայնակ մայր, լեսբի, տրանս և բիսեքսուալ կանանց իրավունքների մասին, ինչի արդյունքում նա կրկին հայտնվել էր օնլայն հարձակումների և ատելության խոսքի թիրախում։

«Մարդու իրավունքների տուն Երևանը» և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն են տարածել այս մասին՝ մտահոգությունն հայտնելով Ահարոնյանի դեմ ատելության խոսքի և հարձակումների առնչությամբ։

«Թշնամական վերաբերմունքը, որ ուղեկցվում էր ատելության խոսքով և խտրականության կոչերով, իր մեջ ներառում էր նաև նրան սպանելու, բռնաբարելու և ընտանիքին վնասելու սպառնալիքներ։ Վերջին ամիսներին իրավապաշտպանները Հայաստանում հաճախ են թիրախավորվում, իսկ Լարա Ահարոնյանն էլ ավելի հաճախ է լինում թիրախում, քանի որ ակտիվորեն պայքարում է գենդերային հավասարության և կանանց վերարտադրողական առողջության իրավունքի համար։

Նա հարձակումների թիրախում է դեռևս 2013 թվականից: Դրանք այժմ էլ շարունակվում են նրա և նրա ընտանիքի դեմ։

Պետությունը դեռևս թերանում է իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովման, իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության երաշխավորման իր պարտավորություններում, որոնք ստանձնել է մարդու իրավունքների մի շարք միջազգային պայմանագրերի վավերացմամբ։

․․․Իրավապաշտպանների՝ ատելության խոսքի թիրախ դառնալու և Ոստիկանություն հաղորդում տալու, ապա դրան հաջորդող շարունակական հարձակումների փորձը ցույց է տալիս իրավապաշտպանների անվտանգության ապահովման գործում վճռական և հրատապ քայլերի անհրաժեշտությունը։ Ցավոք, իրավապաշտպանների կողմից ատելության խոսքի դեմ Ոստիկանություն տրված հաղորդումներից որևէ մեկը չի բացահայտվել, և ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվել, և Ոստիկանության ու այլ իրավասու կառույցների անգործությունը միայն վատթարացնում է դրությունը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները անպատիժ են մնում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում օր օրի աճում են ծայրահեղական խմբերը, որոնք ամեն կերպ խոչընդոտում և վարկաբեկում են իրավապաշտպանների գործունեությունը, մենք կարիք ունենք ՀՀ Կառավարության կողմից արդյունավետ պաշտպանության, իրավական երաշխիքների և աջակցության՝ մեր գործունեության շարունակությունը ապահովելու համար։ Մենք գտնում ենք, որ

  • ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի Ոստիկանության արդյունավետ գործունեությունը իրավապաշտպանների դեմ ատելության խոսքի, հարձակումների դեպքերով պատշաճ քննության առնչությամբ։
  • ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի գենդերային զգայուն քաղաքականություն՝ իրավապաշտպանների պաշտպանության գործում հստակ գենդերային հեռանկարներով։
  • ՀՀ Կառավարությունը պետք է ընդունի, որ իրավապաշտպանների արդյունավետ պաշտպանությունն ու նրանց հետ համագործակցությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջնահերթություն է։
  • ՀՀ Կառավարությունը պետք է գործի ՄԱԿ-ի կին իրավապաշտպանների բանաձևի շրջանակներում, հրապարակայնորեն ընդունի նրանց գործունեության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասցեագրի բոլոր տարիքային խմբերի կին իրավապաշտպանների հանդեպ խտրականությունը և բռնությունը, միջոցներ ձեռնարկի նրանց պաշտպանության համար։ Բացի այդ, ՀՀ
  • Կառավարությունը պետք է ընդունի իրազեկման քաղաքականություն, այդպիով նպաստելով իրավապաշտպանների գործունեության օրինականությանը։
  • ՀՀ Կառավարություն պետք է փոփոխություններ նախաձեռնի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ ներառելով այնտեղ կարգավորումներ ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով