Իրանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտորի և դասախոսական անձնակազմի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ԻԻՀ Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Շահլա Ամուրիի հրավերով այց է կատարել ԻԻՀ Խուզեսթան նահանգ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
 
Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտոր Խաջե Ղոլամհոսեյնի և դասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվել են կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխայցելությունների կազմակերպման մասին։
 
ՀՀ դեսպանն այցելել է արտադրական մի շարք ձեռնարկություններ, ծանոթացել դրանց գործունեությանը և ներկայացրել ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունները։
 
Ա․ Թումանյանը հանդիպում է ունեցել նաև Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարության և փոխնահանգապետ Նուրոլլահ Հասանզադեի հետ։
 
Ահվազի արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպվել է գործարար համաժողով, որտեղ ՀՀ դեսպանը ներկայացրել է ՀՀ տնտեսական վիճակը, ՀՀ օրենսդրության և գործարար միջավայրի առանձնահատկությունները։ Առանձին քննարկման առարկա է դարել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։
 
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանը պատասխանել է գործարարների բազմաթիվ հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԻԻՀ Խուզեսթան նահանգի գործարարների պատվիրակություն Հայաստան գործուղելու շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով