Գլխավոր նկարը՝ armtimes.com-ի
armtimes.com: 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք փակել էին Կառավարությանը հարակից՝ Տիգրան Մեծի պողոտան:
Անհետ կորածների հարազատները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ծնողներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ բավականին ժամանակ է անցել, ինչ իրենք պահանջներ են ներկայացրել Կառավարություն, սակայն հարցին այդպես էլ լուծում չի տրվել: Զինվորի հայրը չցանկացավ նշել, թե կոնկրետ ի՞նչ առաջարկ է արվել՝ ասելով, որ փակ քննարկում պիտի լինի, ու նպատակահարմար չէ հանրայնացնելը:
«Պահանջում ենք հանդիպում վարչապետի եւ կառույցների ղեկավարների հետ»- ասաց նա:
Երթևեկությունը վերականգնելու նպատակով ոստիկանները փողոցից սկեսեցին հեռացնել ծնողներին, ինչի հետևանքով նրանց և ոստիկանների միջև քաշքշուկ եղավ:
Ավելի ուշ ծնողները հեռացան փողոցից՝ Կառավարության շենքի դիմաց սպասելով վարչապետի օգնականին, որն էլ րոպեներ հետո ներկայացավ նրանց:
Գագիկ Իսախանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռեւս չի կարողացել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ. «Թող ծնողներն իրենց ակցիան իրականացնեն, մենք էլ կփորձենք հանդիպում կազմակերպել, եթե հնարավոր լինի»:
Վարչապետի օգնականը հրաժարվեց լրագրողներին ասել, թե ինչ է խոստացվել զինվորների ծնողներին՝ շեշտելով՝ կարող եք դա իրենցից հարցնել: