Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է. Արցախի ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման առնչությամբ վերջին հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը նշել է․ 

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ինստիտուցիոնալ հիշողության բացակայություն և բացարձակ անտեղյակություն է ցուցաբերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և դրա շրջանակներում ընդունված փաստաթղթերի վերաբերյալ։ Նախ՝ ԵԱՀԽ Հելսինկյան լրացուցիչ հանդիպման 1992 թ․ մարտի 24-ի որոշման մեջ որևէ համայնքների մասին հիշատակում չկա, փաստաթղթում որպես շահագրգիռ կողմեր նշված են «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները»։

Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձևաչափի ստեղծման հարց չեն դնում: Խոսքը վերաբերում է 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնմանը: Այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրա:

Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը: Բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանել ստատուս քվոն:

Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը:

Ավելին՝ armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով