factor.am: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանություն է տվել Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգմանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։
Օրինագիծը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հաստատվել է խորհրդարանի լիագումար նիստում։ Այսպիսով, թուրք զինվորականների ծառայությունն Ադրբեջանում 2021 թվականի նոյեմբերի 17-ից երկարաձգվում է ևս մեկ տարով։
Օրինագծին աջակցել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Լավ» (IYI) և Ազգայնական շարժում կուսակցությունները, իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դեմ է քվեարկել։
«Թուրքիան, որը վճռական կերպով աջակցել է Ադրբեջանին գործընթացի հենց սկզբից, որ նա կարողանա պաշտպանել իր բոլոր իրավունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը՝ հիմնված միջազգային իրավունքի ու օրինական ինքնիշխան իրավունքների վրա, կարևոր նախաձեռնություններ է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև դրան նպաստող տնտեսական ենթակառուցվածքների կառուցման ու վերականգնման համար»,- ասվում է փաստաթղթում։