Ադրբեջանի օկուպացրած 41 քառ․ կիլոմետրը չի ձեւավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետեւանքով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ի՝ Ադրբեջանի օկուպացրած 41 քառ․ կիլոմետրը չի ձեւավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետեւանքով։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երեկվա գործողությունների հետեւանքով, նրա խոսքով, այս բալանսը չի փոխվել․

«Բայց այնպես չէ, որ էդ 41 քառ․ կմ-ն լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։ Մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործընթացի հետեւանքով տարբեր հատվածներում Ադրբեջանի եւ մեր ԶՈՒ դիրքերը շախմատաձեւ դասավորված են, երբեմն՝ անտրամաբանականորեն մխրճված մեկը մյուսի մեջ։ Բայց ուզում եմ ընդգծել, որ կարեւոր է՝ մենք դաշտը լավ պատկերացնենք։ Մայիսի 12-ից առաջ էլ ՀՀ-ի շուրջ 40 եւ ավելի քառ․ կմ տարածք եղել է Ադրբեջանի հսկողության ներքո՝ առաջին պատերազմից հետո։ Մենք էդ տարածքները կոնկրետ գիտենք։ Առաջին պատերազմի արդյունքներով նաեւ Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել եւ գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո»,- ասաց Փաշինյանը՝ պնդելով, որ, ըստ էության, այս հանգամանքների բերումով է, որ կարեւորվում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը․

«Որովհետեւ երբ մեր կամ Ադրբեջանի կողմից ասվում է, որ գիտեք՝ Ադրբեջանը մեր տարածքներն օկուպացրել է (ինչը ճշմարտություն է), միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան հետեւյալն է, որ գիտեք, այո, էդպես է, բայց էնպես չի, որ էդտեղ միանշանակ բալանս կա․ տարածքներ կան, որ ձեր վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին, եւ կան տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո են, որ չպիտի լինեին։ Էս է պատճառը, որ միջազգային հանրապետությունը բոլորիս ասում է՝ սկսեք դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց եւ կողմնորոշվեք՝ ինչ մեթոդաբանությամբ, ինչ իրավական հիմքեր վրա է տեղի ունենալու գործընթացը, որպեսզի էս հարցը մեկընդմիշտ փորձենք փակել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն