Բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք. շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի  խոշոր քանակի մաքսանենգության  դեպք:

ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության,  Արևմտյան մաքսատուն-վարչության  և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին՝ ուղեբեռով:

Հայաստան ժամանած քաղաքացու  ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ  2  փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա  ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված  «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի  շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել  ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին  ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ :

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից շարունակվում է համապատասխան միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով