Թոքաբորբով 57 երեխա է հոսպիտալացված. Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակների ակտիվության գոտում |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպով պայմանավորված հիվանդացության բարձր ակտիվություն է նկատվում:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ ակտիվությունը նկատվում է և՛ շտապօգնության կանչերի միջոցով, և՛ պոլիկլինիկաներ դիմելիության:

«Փետրվարի 8-ի դրությամբ 456 հիվանդ է բուժում ստանում, դրանցից 84,8 տոկոսը 0-18 տարեկան են: Թոքաբորբով հիվանդ են 318-ը, որից 57-ը՝ 0-18 տարեկաներ: Հիմա սուր շնչառական վարակները տարածվում են 0-14 տարեկանների և 30-64 տարեկանների շրջանում»,- ասաց նա:

Աբովյանի խոսքով՝ Հայաստանում գործադրվում է սուր շնչառական վարակների հսկողության համակարգ, որը թույլ է տալիս բացահայտել՝ գրիպի որ տեսակն է այժմ շրջանառվում: Հունվար ամսվա հետազոտությունների 72 տոկոսը եղել է Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսը: «Այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման և ծանր շնչառական վարակների 1089 հետազոտություն, որից 207-ի, այսինքն՝ 20 տոկոսի դեպքում, հայտնաբերվել է Ա տեսակի H3 ենթատեսակը: Այս տեսակն ավելի շատ է տարածվում ու թիրախավորում երեխաներին»,- նկատեց նա:

Սուր շնչառական վարակների ախտանշանները ջերմությունը, հազը, քթից արտահոսքն են: Այս ախտանշանները արտահայտվում են նաև «օմիկրոն» շտամի դեպքում, ընդգծեց մասնագետը: Ըստ նրա՝ կարևոր է, որ քաղաքացիները դիմեն բժշկի, թեստավորվեն և ինքնաբուժությամբ չզբաղվեն:

Խոսելով Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց. «Վերջին 14 օրերի ընթացքում ունենք 437 տոկոսով դեպքերի աճ, դրական թեստերը կազմում են 38,5 տոկոս: Հիվանդությունը ակտիվ է տարբեր տարիքի մարդկանց մոտ. 3-5 տարեկանների շրջանում 7,3 անգամ աճել է, 6-17 տարեկաններին դեպքում՝ 4 անգամ, 18-23 տարեկանների մոտ՝ 5,3 անգամ: Բոլոր մարզերում ունենք դեպքերի աճ: Աճ կա հատկապես Երևանում»:

Աբովյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ կորոնավիրուսային հիվանդության՝ Եվրամիության չափանիշների մուգ վառվող կարմիր գոտում:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն