«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Գևորգ Պապոյանը այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հարց հնչեցրեց երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, որը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի Եվրոպական խորհրդի նախագահի, և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումից հետո։ Պատգամավորը հետաքրքրվեց նաև ընդհանուր առմամբ ճանապարհների ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հանդիպումից անմիջապես հետո տվել է համապատասխան հանձնարարականներ, նաև աշխատանքային խումբ է ձևավորվել, որը արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով։
Փաշինյանը հիշեցրեց, որ օրեր առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հետ․ «Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի, ձևակերպման, նախագծման և կառուցման աշխատանքները, ֆինանսավորման, բայց այդ ընթացքում կա նաև մի կարևոր գործողություն, որ մենք պետք է անենք, դա Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումն է, նկատի ունեմ՝ կա՛մ երկկողմ, կա՛մ եռակողմ կա՛մ որևէ ֆորմատով, այսինքն՝ պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի»։
Նա նաև առաջարկեց մի կարևոր «նյուանսի» վրա ուշադրություն դարձնել․ «Մենք պայմանավորվել ենք հետևյալ, որը երկաթուղին պետք է գործի միջազգային կանոնններին համապատասխան, երկրների օրենսդրության, սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն, և նաև մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է կպնեն իրար։ Եվ, ըստ էության, միջազգային բեռանփոխադրումների ուղի է դառնալու, և շատ կարևոր է, որ այս ամենը մենք հնարավորինս արագ դե յուրե արձանագրենք, ստորագրվի դա, լինի այնպիսին, որ վավերացման անհրաժեշտություն լինի, չնայած մեր գնահատականն այն է, որ երևի թե չի լինի, բայց նաև խորհրդարանում վավերացվի»։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Ճանապարհների հետ կապված․ մենք ձևակերպել ենք, նաև Բրյուսելում, Սոչիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձևակերպել ենք առաջարկներ, այդ առաջարկները փոխանցել ենք ադրբեջանական կողմին, նաև Ռուսաստանի մեր գործընկերներին, միջազգային մեր գործընկերներին, և Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես մենք պատրաստ ենք արդեն իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը»։
Պապոյանը արձագանքելով ասաց՝ կարելի է արձանագրել, որ ՀՀ-ն ոչ միայն ամբողջությամբ կատարում է պայմանավորվածությամբ ձեռք բերված պարտավորությունները, այլ կոնկրետ գործողություններ է ձեռնարկում և շարունակում է ձեռք բերված համաձայնությունները իրականացնել։
Փաշինյանը հավելեց՝ երբ ասում ենք ՀՀ-ն պատրաստ է կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները, այդ նախադասությունը ամբողջությամբ և ճիշտ չի արտացոլում իրականությունը․ «Իմ համոզմունքն է, ինչ ես ասում եմ, ՀՀ-ին անհրաժեշտ է առնվազն նույնքան, ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին։ Եվ ավտոճանապարհների մասով, և երկաթուղու մասով։ Իմիջիայլոց ես ուզում եմ ասել, որ այս նախագիծը մենք անվանում ենք «Ավտոճանապարհների և երկաթուղիների հայկական խաչմերուկ», որովհետև մենք, ըստ էության, գործ ունենք հյուսիս-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ, և այդ խաչմերուկի գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ընդհանրապես Հայաստանի ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով»։