Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հայկական մածունի արտահանման խնդիրներով |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հայկական մածունի արտահանման խնդիրներով։

Օրենսդրական փոփոխություններից հետո անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն էլ որպես «աշխարհագրական նշում» գրանցի մածունը, որից հետո վրացական կողմի հետ կսկսվեն բանակցությունները վրացական մացոնին և հայկական մածունը փոխադարձաբար ճանաչելու հարցի շուրջ, «Ազատությանն» այսօր փոխանցեց աշխատանքային խմբի անդամներից Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը։

«Այժմ ներկայացվել է աշխարհագրական նշումների մասին օրենքում փոփոխություններ, որտեղ աշխարհագրական նշման սահմանումն է փոփոխվել, որն էլ հնարավորություն կտա արտադրողներին գրանցելու «մածուն» անվանումը որպես «աշխարհագրական նշում»: Այնուհետև մենք հուսով ենք, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում կարող ենք փոխադարձ ճանաչել իրենց «մացոնի» անվանումը մեր տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում, և մեր «մածուն» անվանումը՝ Վրաստանի Հանրապետությունում: Վրացական կողմը մեզ համաձայնագիր է ներկայացրել, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության մասին համաձայնագիր», – ներկայացրեց Համբարյանը:

Հայաստանից կաթնամթերք արտահանողները «մածուն» անվանումով մակնշված ապրանքները Վրաստանով անցկացնելիս վերջին ամիսներին խնդիրների են բախվել։ Վրաց մաքսավորները կասեցրել են բեռը, պատճառաբանելով, որ «մածուն» անվանումով ապրանքները շփոթելու աստիճան նման է իրենց երկրում գրանցված «մացոնի» աշխարհագրական նշմանը։ Նկատենք, սակայն, մացոնին Վրաստանում գրանցված էր դեռ 2012 -ից:

«Մինչև 2021 թվականը որևէ խնդիր չի ստեղծվել մեր արտադրողների համար, որևէ խոչընդոտ չի եղել, ինչո՞ւ, հիմա ես դրա պատասխանը չունեմ: Ամեն դեպքում վրացական կողմը հիմնավորում է, որ ավելի խիստ են մոտենում մտավոր սեփականության պահպանության հարցերին, դա իրենց քաղաքականության մի մաս է կազմում», – նշեց Հակոբյանը:

Նախարարությունից նաև պնդում են, այնպես չէ, որ խնդրին նոր են ծանոթացել կամ մինչև այս քայլեր չի ձեռնարկվել։ Դեռ 2011 թվականին էկոնոմիկայի նախարարության կից գործող մտավոր սեփականության գործակալությունը իր առարկություններն էր ներկայացրել վրացական «մացոնի» անվանման գրանցման դեմ, բայց ապարդյուն։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն