Փետրվարի 13-ին ժամը 22։25-ից մինչև փետրվարի 14-ի ժամը 00։30-ը երկրաշարժից հասցված վնասներին ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից 9 դեպքով արձագանքում է իրականացվել։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Երևան քաղաքում 5 դեպք է արձանագրվել. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի պատշգամբը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ շենքի մուտքի պատշգամբից պոկվել է երկու քար։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել քարերը։
Ահազանգ է ստացվել, որ մասամբ փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի պատը։ Դեպքի վայր է մեկնել 15 ՓՋ-ն, պարզվել է, որ վթարային շենքի պատից թափվել է 8 հատ քար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Մի քանի շենքերի բնակարաններում, ըստ ահանզանգերի՝ առաջացել են ճաքեր կամ լայնացել են առկա ճեղքերը։
Լոռու մարզում արձանագրվել է 4 դեպք. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոցի թիվ 2 տան նկուղի պատը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ տան նկուղի պատից փլուզվել է մոտ 3 ք․մ հատված, տուժածներ չկան։ Ալավերդու, Ստեփանավանի, Վանաձորի մի քանի շենքերից պոկվել են քարեր, ծեփամածիկ, երեսպատման սալիկներ:
Շիրակի մարզում արձանագրվել է 1 դեպք. ահազանգ է ստացվել, որ քարեր են թափվել Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքից: Դեպքի վայր է մեկնել թիվ 48 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ թիվ 26 շենքի (3-րդ, մասնակի 4-րդ կարգի վթարային) 4-րդ և 5-րդ հարկերից թափվել է 8 քար (մոտ 15 ք.մ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
Նույն օրը կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ և Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահների հետ՝ ճշգրտվել Վրաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը․ փլուզումներ և ավերածություններ չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 22:25-ին, Վրաստան-Հայաստան՝ Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: